Ryanair ավիատոմսերի ամրագրում

RYANAIR ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԱՄՐԱԳՐՈՒՄ – ԳՆԵՐ, ՉՎԵՐԹՆԵՐ ԵՒ ՈՒՂԵԲԵՌ

Ryanair ավիատոմսերի ամրագրում – գներ, չվերթներ և ճանապարհորդության կանոններ

Եվրոպայում ճանապարհորդելիս Ryanair-ը հնարավորություն է տալիս գտնել ցածր գնով ավիատոմսեր, սակայն ամենացածր սակագինը միշտ չէ, որ նշանակում է ուղևորության վերջնական գինը։ Ավիատոմսի արժեքը կախված է ճանապարհորդության ամսաթվից, տվյալ չվերթի պահանջարկից, նստատեղի ընտրությունից, ուղեբեռից և լրացուցիչ ծառայություններից։

Հայաստանից Եվրոպա մեկնող ուղևորները կարող են Ryanair-ի չվերթներն օգտագործել ճանապարհորդության հաջորդ հատվածի համար։ Օրինակ՝ մեկ այլ ավիաընկերությամբ եվրոպական քաղաք հասնելուց հետո հնարավոր է ճանապարհը շարունակել Ռայանէյրի չվերթով դեպի մեկ այլ երկիր կամ քաղաք։

Ավիատոմսը գնելուց առաջ ցանկալի է ևս մեկ անգամ ստուգել չվերթի ամսաթիվը, կոնկրետ օդանավակայանը, անհրաժեշտ ուղեբեռը և ուղևորի անուն-ազգանունը՝ այնպես, ինչպես այն գրված է անձնագրում։ Հետագա փոփոխությունները կարող են վճարովի լինել։

Ryanair ավիատոմսերի գները

Ryanair-ը կիրառում է դինամիկ գնագոյացում։ Նույն չվերթի գինը կարող է փոխվել՝ կախված պահանջարկից և արդեն վաճառված տեղերի քանակից։ Այդ պատճառով այսօր պայմանական 25 եվրո արժեցող ավիատոմսը մի քանի օր անց կարող է արժենալ 70 եվրո կամ ավելի, նույնիսկ եթե երթուղին և թռիչքի ամսաթիվը չեն փոխվել։

Այստեղ գործում է պարզ կանոն. որքան շուտ են հայտնի ճանապարհորդության ամսաթվերը, այնքան ավելի մեծ է լավ սակագին գտնելու հնարավորությունը։

Ինչից է կախված ավիատոմսի գինը

Երբեմն Եվրոպայի ներսում Ryanair-ի ավիատոմսերը կարելի է գտնել 15-20 եվրոյից։ Սովորաբար նման գներ լինում են այն ժամանակ, երբ մինչև չվերթը դեռ բավական ժամանակ կա և ազատ տեղերը շատ են։ Բարձր պահանջարկի ժամանակ նույն ուղղության գինը կարող է մի քանի անգամ բարձրանալ։

  • Սեզոնայնություն։ Ամռանը և արձակուրդների հայտնի ժամանակահատվածներում գները սովորաբար ավելի բարձր են։
  • Տոներ և դպրոցական արձակուրդներ։ Սուրբ Ծննդյան, Զատկի և ամառային արձակուրդների ժամանակ էժան տեղերն ավելի արագ են սպառվում։
  • Չվերթի ամսաթվին մոտ լինելը։ Որքան քիչ ժամանակ է մնում մեկնումին, այնքան քիչ ազատ տեղեր կարող են մնալ։
  • Շաբաթվա օրը։ Ուրբաթ, կիրակի և տոներին մոտ օրերի չվերթները երբեմն ավելի թանկ են, քան աշխատանքային օրերին։
  • Ուղղության պահանջարկը։ Զբոսաշրջային քաղաքների և հայտնի հանգստավայրերի գները կարող են ավելի արագ փոխվել։

Ինչպես որոնել Ryanair-ի ավիատոմսեր

Ryanair-ը բոլոր երթուղիներով ամեն օր չի թռչում։ Որոշ չվերթներ իրականացվում են շաբաթական ընդամենը երկու կամ երեք անգամ, իսկ որոշ ուղղություններ սեզոնային են։

Այդ պատճառով էժան ավիատոմս որոնելիս ավելի լավ է չսահմանափակվել միայն մեկ ամսաթվով։ Օրացույցում ստուգեք նաև մոտակա օրերը։ Երբեմն ճանապարհորդությունը երկու կամ երեք օրով տեղափոխելը զգալիորեն նվազեցնում է ավիատոմսի գինը։

Նշեք մեկնման և ժամանման օդանավակայանները և համեմատեք հասանելի ամսաթվերը։ Եթե ընտրված օրը չվերթ չկա, դա պարտադիր չէ, որ սխալ լինի. Ռայանէյրը տվյալ ուղղությամբ կարող է թռչել շաբաթվա այլ օրերին։

Ստուգեք կոնկրետ օդանավակայանը

Եվրոպական շատ քաղաքների շրջակայքում գործում են մի քանի օդանավակայաններ։ Ցածր սակագներով ավիաընկերությունները հաճախ օգտվում են նաև քաղաքից բավական հեռու գտնվող տարածաշրջանային օդանավակայաններից։

Այդ պատճառով արժե հաշվել ոչ միայն ավիատոմսի գինը, այլև օդանավակայանից քաղաք հասնելու արժեքն ու ժամանակը։ Երբեմն մի փոքր ավելի թանկ ավիատոմսը ամբողջ ճանապարհորդության հաշվարկով ավելի շահավետ է ստացվում։

Հատկապես ուշադիր ստուգեք օդանավակայանը Լոնդոն, Միլան, Հռոմ, Բրյուսել, Փարիզ և Վենետիկ ուղղություններով։

Որտեղ գնել Ryanair ավիատոմս

Ryanair-ի ավիատոմս կարելի է գնել ավիաընկերության կայքում կամ բջջային հավելվածում, ավիատոմսերի որոնման կայքերի միջոցով կամ տուրիստական գործակալությունում։

Ryanair-ի կայքը կամ հավելվածը

Եթե ավիատոմսը գնվում է անմիջապես ավիաընկերությունից, ամրագրումը կարելի է կառավարել MyRyanair հաշվի միջոցով։ Հնարավոր է ընտրել նստատեղ, ավելացնել ուղեբեռ, փոփոխել ամրագրումը, անցնել առցանց գրանցում և ստանալ բջջային նստեցման կտրոն։

Ամրագրման ընթացքում առաջարկվում են նաև տարբեր վճարովի լրացուցիչ ծառայություններ, ուստի վճարումից առաջ ցանկալի է ևս մեկ անգամ ստուգել պատվերի կազմը։

Ավիատոմսերի որոնման կայքեր

Ավիատոմսերի որոնման կայքերը թույլ են տալիս արագ համեմատել Ryanair-ի առաջարկները այլ ավիաընկերությունների չվերթների հետ՝ ըստ գնի, մեկնման ժամի, թռիչքի տևողության և այլընտրանքային տարբերակների։

Սա հատկապես հարմար է այն դեպքում, երբ Եվրոպայում նախատեսվում է մի քանի չվերթ տարբեր ավիաընկերություններով։ Օրինակ՝ Հայաստանից Եվրոպա հասնել մեկ ավիաընկերությամբ, իսկ հետագա ճանապարհը շարունակել Ryanair-ով։

Ryanair ավիատոմս գնել Հայաստանի տուրիստական գործակալությունից

Հայաստանի տուրիստական գործակալությունները և ավիատոմսերի վաճառքով զբաղվող ծառայությունները նույնպես կարող են ամրագրել Եվրոպայի ներսում Ryanair-ի չվերթներ։ Սա հարմար է, երբ ճանապարհորդությունը բաղկացած է մի քանի առանձին ավիատոմսերից կամ ուղևորը նախընտրում է ամբողջ երթուղին ձևակերպել մեկ գործակալության միջոցով։

Գործակալությունից ավիատոմս գնելիս ցանկալի է ստանալ և պահպանել Ryanair-ի ամրագրման կոդը, ուղևորի անուն-ազգանունը և ամրագրման ժամանակ օգտագործված էլեկտրոնային փոստի հասցեն։ Այս տվյալները հետագայում կարող են անհրաժեշտ լինել ամրագրումը ստուգելու կամ փոփոխելու համար։

Նաև արժե նախապես պարզել, թե ով է կատարելու առցանց գրանցումը։ Որոշ ծառայություններ ուղևորին գրանցում են ինքնուրույն և պատրաստի բջջային նստեցման կտրոնն ուղարկում են էլեկտրոնային փոստով, իսկ այլ դեպքերում ուղևորը պետք է ինքնուրույն անցնի գրանցումը։

Ryanair-ով ճանապարհորդություն Եվրոպայում

Հայաստանից Եվրոպա մեկնող ուղևորների համար Ryanair-ը կարող է հարմար լինել Եվրոպայի ներսում կարճ և միջին հեռավորությունների ճանապարհորդությունների համար։ Ավիաընկերության ցանցը ներառում է ավելի քան 200 ուղղություն և տասնյակ եվրոպական երկրներ։

Եթե մեկ ճանապարհորդության ընթացքում օգտագործվում են տարբեր ավիաընկերությունների առանձին ամրագրումներ, դրանց միջև սովորաբար ավտոմատ կապ չկա։ Եթե առաջին չվերթն ուշանա և ուղևորը չհասցնի հաջորդ Ryanair չվերթին, երկրորդ ավիատոմսը ինքնաբերաբար չի փոխվում։

Այդ պատճառով առանձին գնված չվերթների միջև ցանկալի է թողնել բավարար ժամանակ։ Եթե անհրաժեշտ է նաև փոխել օդանավակայանը, ժամանակի պաշարը պետք է ավելի մեծ լինի։

Որ երկրներում է թռչում Ryanair

Ryanair-ի երթուղային ցանցը հիմնականում ընդգրկում է Եվրոպան, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի որոշ ուղղություններ։ Կոնկրետ երթուղիները և չվերթների հաճախականությունը կարող են փոխվել ըստ սեզոնի։

Ryanair-ի ուղղությունների թվում են, մասնավորապես՝

  • Ավստրիա
  • Բելգիա
  • Բոսնիա և Հերցեգովինա
  • Բուլղարիա
  • Խորվաթիա
  • Կիպրոս
  • Չեխիա
  • Դանիա
  • Էստոնիա
  • Ֆինլանդիա
  • Ֆրանսիա
  • Գերմանիա
  • Հունաստան
  • Հունգարիա
  • Իռլանդիա
  • Իտալիա
  • Լատվիա
  • Լիտվա
  • Լյուքսեմբուրգ
  • Մալթա
  • Չեռնոգորիա
  • Նիդերլանդներ
  • Նորվեգիա
  • Լեհաստան
  • Պորտուգալիա
  • Ռումինիա
  • Սերբիա
  • Սլովակիա
  • Իսպանիա
  • Շվեդիա
  • Շվեյցարիա
  • Թուրքիա
  • Մեծ Բրիտանիա
  • Մարոկկո
  • Հորդանան

Որոշ ուղղություններ գործում են ամբողջ տարվա ընթացքում, իսկ մյուսները միայն ամառային կամ ձմեռային սեզոնում։ Այդ պատճառով անհրաժեշտ չվերթի առկայությունը միշտ ավելի լավ է ստուգել կոնկրետ ճանապարհորդության ամսաթվերի համար։

Ամրագրման փոփոխություն

Ryanair-ի ավիատոմսերը կարող են բավական էժան լինել, սակայն ամրագրումից հետո կատարվող փոփոխությունները հաճախ վճարովի են։ Վճարումից առաջ ցանկալի է ստուգել ամսաթվերը, երթուղին և ուղևորների տվյալները։

Ուղևորի անուն-ազգանվան փոփոխություն

Ամրագրման մեջ անունն ու ազգանունը պետք է համապատասխանեն ճանապարհորդական փաստաթղթում նշված տվյալներին։ Փոքր սխալների մի մասը հնարավոր է ուղղել առանց վճարի, իսկ ուղևորի ամբողջական անուն-ազգանվան կամ հենց ուղևորի փոփոխությունը կարող է վճարովի լինել։ Ryanair ամրագրման մեջ ուղևորի անուն-ազգանվան փոփոխության մասին մանրամասն >>

Չվերթի ամսաթվի, ժամի կամ երթուղու փոփոխություն

Եթե ճանապարհորդության պլանները փոխվել են, հնարավոր է փոխել չվերթի ամսաթիվը, ժամը կամ երթուղին։ Սովորաբար դրա համար գանձվում է փոփոխության վճար, իսկ եթե նոր չվերթն ավելի թանկ է, վճարվում է նաև սակագների տարբերությունը։ Ryanair չվերթի փոփոխության մասին մանրամասն >>

Եթե ճանապարհորդել հնարավոր չէ

Ryanair-ի սակագները հիմնականում չվերադարձվող են։ Հիվանդությունը կամ անձնական հանգամանքները միշտ չէ, որ հիմք են ավիատոմսի գումարը վերադարձնելու համար։ Նման իրավիճակում կարելի է ստուգել չվերթը փոխելու հնարավորությունը և ճանապարհորդական ապահովագրության պայմանները։ Հիվանդության կամ անձնական հանգամանքների պատճառով ուղևորությունից հրաժարվելու մասին մանրամասն >>

Չվերթը փոխելուց առաջ օգտակար է նաև ստուգել նոր ավիատոմսի գինը։ Ցածր սակագներով չվերթների դեպքում երբեմն նոր ավիատոմս գնելն ավելի էժան է, քան փոփոխության վճարը և սակագների տարբերությունը միասին վճարելը։

Նստատեղեր և երեխաների հետ ճանապարհորդություն

Ryanair չվերթում հնարավոր է նախապես վճարովի նստատեղ ընտրել։ Պատուհանի մոտ, միջանցքի մոտ կամ օդանավի առջևի հատվածում գտնվող տեղերի գները կարող են տարբեր լինել։

Եթե նստատեղ չի ընտրվում, գրանցման ժամանակ համակարգը ուղևորին տեղ է հատկացնում ավտոմատ կերպով։ Այս դեպքում նույն ամրագրման մեջ գտնվող չափահաս ուղևորների կողք կողքի նստելը երաշխավորված չէ։

Ryanair չվերթում նստատեղի ընտրության մասին մանրամասն >>

Երեխաների և նորածինների համար կիրառվում են առանձին կանոններ։ Ամրագրման ժամանակ կարևոր է ճիշտ նշել երեխայի տարիքը և նախապես ստուգել նստատեղերի ու մանկական ուղեբեռի պայմանները։

Ryanair չվերթի գրանցում

Չվերթից առաջ անհրաժեշտ է ժամանակին անցնել առցանց գրանցումը։ Գրանցման բացման ժամկետը կախված է նրանից, թե արդյոք նախապես ընտրվել է նստատեղ։

Առցանց գրանցումը լավ է չթողնել վերջին պահին։ Եթե խնդիր առաջանա ինտերնետի, հավելվածի կամ ամրագրման տվյալների հետ, այն լուծելու համար դեռ ժամանակ կմնա մինչև օդանավակայան մեկնելը։

Ryanair չվերթի առցանց գրանցման մասին մանրամասն >>

Բջջային նստեցման կտրոն

Գրանցումն ավարտելուց հետո ուղևորը ստանում է բջջային նստեցման կտրոն։ Այն կարելի է պահպանել հեռախոսում և ներկայացնել օդանավակայանում։

Ճանապարհորդությունից առաջ ցանկալի է ստուգել հեռախոսի լիցքը և համոզվել, որ նստեցման կտրոնը բացվում է նաև առանց ինտերնետի։

Ryanair բջջային նստեցման կտրոնի մասին մանրամասն >>

Ryanair ուղեբեռ

Հիմնական սակագինը ներառում է մեկ փոքր ձեռքի պայուսակ, որը պետք է ամբողջությամբ տեղավորվի առջևի նստատեղի տակ։ Եթե ավելի շատ ուղեբեռ է անհրաժեշտ, ամրագրմանը կարելի է ավելացնել ձեռքի ճամպրուկ կամ գրանցված ուղեբեռ։

Ուղեբեռի տարբերակը ցանկալի է ընտրել նախապես։ Օդանավակայանում չափից մեծ կամ ամրագրման մեջ չներառված ուղեբեռի համար լրացուցիչ վճարները կարող են ավելի բարձր լինել։

Ryanair ձեռքի և գրանցված ուղեբեռի մասին մանրամասն >>

Եթե պայուսակի կամ ճամպրուկի չափերը մոտ են թույլատրելի սահմանին, դրանք ավելի լավ է չափել դեռ տանը։ Օդանավակայանում աշխատակիցները կարող են խնդրել ուղեբեռը տեղադրել հատուկ չափիչ շրջանակի մեջ։

Օդանավակայանում Ryanair ուղեբեռի չափերի ստուգման մասին մանրամասն >>

Ճանապարհորդական փաստաթղթեր

Եվրոպայում Ryanair-ով ճանապարհորդելիս անհրաժեշտ է ունենալ տվյալ երթուղու համար վավեր ճանապարհորդական փաստաթղթեր։ Պահանջները կախված են ուղևորի քաղաքացիությունից, բնակության կարգավիճակից և այն երկրից, ուր նա մեկնում է։

Հայաստանի քաղաքացիները պետք է նախապես ստուգեն անձնագրի, վիզայի կամ կացության թույլտվության պահանջները։ Շենգենյան գոտում գտնվելը ինքնին չի նշանակում, որ նույն փաստաթղթերը բավարար են յուրաքանչյուր հետագա երկրի համար։

Ոչ ԵՄ/ԵՏԳ քաղաքացիներից Ryanair-ը որոշ դեպքերում կարող է պահանջել վիզայի կամ կացության թույլտվության լրացուցիչ ստուգում հավելվածի միջոցով։

Մեծ Բրիտանիա մեկնելիս

Եթե ճանապարհորդությունը ներառում է Մեծ Բրիտանիա, մուտքի կանոնները պետք է ստուգել առանձին։ Շենգենյան վիզան ինքնին Մեծ Բրիտանիա մուտք գործելու իրավունք չի տալիս, իսկ անհրաժեշտ թույլտվությունը կախված է ուղևորի քաղաքացիությունից և կարգավիճակից։

Մեծ Բրիտանիա մեկնելու ETA-ի մասին տեղեկություններ >>

Երբ ժամանել օդանավակայան

Օդանավակայան ավելի լավ է ժամանել նախապես։ Անվտանգության ստուգումը, անձնագրային հսկողությունը, գրանցված ուղեբեռի հանձնումը և անհրաժեշտ ելքը գտնելը ժամանակ են պահանջում։

Գործնական տարբերակ է օդանավակայանում լինել մեկնումից մոտ 2-3 ժամ առաջ։ Խոշոր օդանավակայաններում, տոնական օրերին կամ անձնագրային հսկողության անհրաժեշտության դեպքում ավելի լավ է լրացուցիչ ժամանակ նախատեսել։

Կեսգիշերից հետո մեկնող չվերթների դեպքում պետք է հատկապես ուշադիր ստուգել ամսաթիվը։ Օրինակ՝ եթե չվերթը մեկնում է մարտի 2-ին ժամը 01:30-ին, օդանավակայան պետք է ժամանել մարտի 1-ի երեկոյան։

Ryanair-ի աջակցություն և տուրիստական գործակալություն

Եթե ավիատոմսը գնվել է Հայաստանի տուրիստական գործակալությունից կամ մեկ այլ ամրագրման ծառայությունից, վճարման, ամրագրման ձևակերպման և տվյալ ծառայության աշխատանքի հետ կապված հարցերով սովորաբար ավելի ճիշտ է նախ դիմել հենց վաճառողին։

Եթե ավիատոմսը գնվել է անմիջապես Ryanair-ի կայքում կամ հավելվածում, ամրագրումը կարելի է կառավարել MyRyanair-ի միջոցով։

Ryanair կապի տվյալներ և ուղևորների աջակցություն >>

Եթե ուղևորին անհրաժեշտ է հատուկ օգնություն օդանավակայանում կամ նստեցման ժամանակ, ծառայությունը ցանկալի է պատվիրել նախապես։

Ryanair ուղևորների համար հատուկ օգնություն >>

Ryanair-ի մասին

Ryanair-ը իռլանդական ցածր սակագներով ավիաընկերություն է, որի երթուղային ցանցը կապում է Եվրոպայի բազմաթիվ քաղաքներ և երկրներ։

Հայաստանից Եվրոպա ճանապարհորդող ուղևորների համար Ռայանէյրը կարող է օգտակար լինել հիմնական միջազգային չվերթից հետո ճանապարհորդությունը Եվրոպայի ներսում շարունակելու համար։ Կարևոր է նախապես ստուգել ոչ միայն ավիատոմսի գինը, այլև կոնկրետ օդանավակայանը, ուղեբեռի պայմանները, գրանցումը և անհրաժեշտ ճանապարհորդական փաստաթղթերը։